Քառյակներին նվիրված իր հոդվածում Էդ. Ջրբաշյանը, առանց աղբյուրը նշելու, մեջ է բերում Թումանյանի մի անտիպ գրառումը, որ լույս է սփռում նաև այս բանաստեղծության հղացման անձնական-հոգեբանական դրդապատճառների վրա. «1915 թ. սեպտեմբերին սպանվեց եղբայրս – Ռոստոմը: Ռոստոմը բնականից բանաստեղծ մարդ էր. շատ լավ գիտեր արևելյան նաղլները – պոեմները թուրքերեն - Ասլի Քյարամ, աշըղ Ղարիբ և այլն, և այլն և շատ բայաթի, ու միշտ նվագում էր ու երգում:
Մահից հետո զարմանալի կենդանի նրա ձենը մնաց ականջիս մեջ ու երգում էր շարունակ» :
Այս խոստովանության հետ բանաստեղծության վերջին քառատողի ուղղակի կապն ակնհայտ է:
Ստեփան Զորյանը իր հուշերում հարազատորեն է ներկայացնում Թումանյանի այն հոգեվիճակը, որը բանաստեղծին մղել էր «Պատրանքը գրելուն». «Եվ նա սկսեց նկարագրել Լոռու սարերը` իրենց բինաներով ու որսերով, այս բոլորը կապակցված էր ծանոթների, մանկության ընկերների հետ, որոնք կենդանացնում ու խոսեցնում էին կարծես այդ բնությունը: Ես հիմա մոռացել եմ այդ պատմությունները, բայց հիշում եմ, որ դրանց ընդհանուր տպավորությունն այն էր, որ կարծես լսում էի «Անուշի», «Լոռեցի Սաքոյի» վարիանտները և մի ծանր տրտմություն` անցած-գնացած օրերի համար, որ այնպես գեղեցկորեն արտահայտված է չքնաղ «Պատրանքում», մի երգ, որի թախիծը խորապես կհասկանան միայն սարերում ապրած մարդիկ»:
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան...
Զո՜ւր... վաղո՜ւց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել...
1918 թ. սեպտեմբերի 9
