«Պոետն ու Մուսայի» մտահղացումը, ավելի ճիշտ` ժամանակակից հասարակության մեջ բանաստեղծի իրական վիճակի մասին գեղարվեստական-երգիծական գործ գրելու ծրագիրը ծագել է շատ վաղ` դեռ 1890-ական թթ. սկզբին: Այն սկիզբ է առնում Թիֆլիսի հայոց հոգևոր կոնսիստորիայում ծառայելու տարիներին, երբ Թումանյանն ինքը ամեն քայլափոխի հանդիպել է իր բանաստեղծական ներշնչանքների նկատմամբ բիրտ-անհասկացող, նույնիսկ թշնամական վերաբերմունքի: Այդ ամենի մասին երգիծական պոեմ գրելու առաջին փորձը եղավ «Գրագիր Մուզան» (տե՛ս սևագիր և անավարտ երկերի բաժինը սույն հատորում), ուր արդեն հանդես եկավ Բանաստեղծի և նրա Մուսայի հանդիպման ու խոսակցության պայմանական հնարանքը: Հայտնվելով հոգևոր գրասենյակի պայմաններում` Մուսան (բանաստեղծի ոգևորությունը) ստիպված է թաքնվել մարդկանց աչքից. դրանով Թումանյանն ակնարկում էր իր կոչման և իրական վիճակի դրամատիկ հակասությունը:
«Պոետն ու Մուսայի» մեջ ուղղակի կամ ձևափոխված տեսքով բանաստեղծը հիշատակել է մի շարք ինքնակենսագրական փաստեր, ժամանակակից հասարակական-գրական կյանքի իրողություններ:
Նըստած եմ մի օր ու միտք եմ անում.
Միտք եմ անում, մի՜տք, ու չեմ կարենում
Մի հընար գըտնեմ` ցավերըս հոգամ...
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գըլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը։
― Ողջո՜ւյն Պառնասի գըլխից սըրբազան...
Ետ նայեմ տեսնեմ` իմ ծանոթ Մուսան։
― Վե՛ր կաց, բանաստե՛ղծ, կանչում է էսպես,
Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես,
Տանջվում են ահա եղբարքըդ թըշվառ,
Հեծում, հալածվում աշխարհից աշխարհ։
Երկինք են հասել արցունք ու արյուն...
Ահա` քեզ համար բերել եմ ավյուն,
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին։
