Եվրոպական և ռուսական թերթերի էջերը մեծ մասամբ բռնված են քաղաքական հարցերով։ Ինչո՞ւ. որովհետև այդ ժողովուրդները ապրում են քաղաքական մեծ պայքարներով, երկիրներ ու ազգեր տիրելու և կառավարելու ծրագիրներ ունեն, առևտուրի մեծ շուկաներ ու ազդեցությունների ասպարեզներ ձեռք բերելու խնդիրներ ունեն, միլիարդներով փոխառություն անելու, դաշնակցություններ կապելու հոգսեր ունեն, խաղում են իրենց ահռելի ուժերով, աշխարհքներ ու ազգեր են շարժում և արթուն ուշի՛ ուշով հետևում են ամեն մեկը մյուսի կամ ամբողջ աշխարհքի քաղաքական կյանքի ընթացքին, մանրամասն հաշվի են առնում դիմացինի այս կամ այն շարժումը, նավերի թիվն ու զորաբանակը, աշխատում են գուշակել մեկը մյուսի տեսակցությունն ու խոսակցությունը, զբաղվում են դրանով, խորհրդածություններ են անում, և այդ պատճառով իրենց թերթերն ու հոդվածներն էլ նվիրում են դրանց։
Այս ամենը շատ է պարզ ու շատ է հասկանալի։ Բայց մի բան, որ շատ է անհասկանալի ու անհեթեթ, այն է, որ մեր մամուլն էլ, մենք էլ ամենայն եռանդով միշտ հետևել ենք և հայ ընթերցողների հետ զրույց ենք արել, հաշիվ ենք տեսել քաղաքական այդ բոլոր դեպքերի ու դեմքերի մասին, շարունակ առաջնորդողներ ենք նվիրել մեկի ու մյուսի քաղաքականությանը, խորհրդածություններ արել, եզրակացություններ հանել, սխալներ գտել, և, թող զարմանալի չթվա, նույնիսկ զգուշացրել ու սպառնալիքներ արել։
Ընթերցել ամբողջությամբ →
