Թումանյանի այս բանաստեղծությունն իր ոգով այնքան հարազատ է ռուս գեղանկարիչ Ի. Ն. Կրամսկոյի «Քրիստոսն անապատում» նկարին (նկարված 1872 թ.), որ տեղիք է տվել թյուրիմացության, թե իբր ստեղծվել է Կրամսկոյի նկարի ազդեցությամբ:
Ոտանավորը գրելուց 14 օր հետո, առաջին անգամ տեսնելով Կրամսկոյի նկարը, Թումանյանը ևս զարմանքով նկատել է նմանությունը և ասես հետագայի ուսումնասիրողներին թյուրիմացությունից զերծ պահելու համար, ԹԹԳԳ-ում պահվող պատառիկներից մեկում թողել է հետևյալ գրառումը. ««Հիսուսն անապատում», Կրամսկոյի նկարը, Живописное обозр. 87г., երես 299: «Հիսուսն անապատում» ոտ<անավորը> գրելուց հետո, 92 թ. փետր <վարի> 1-ին տեսա Տ.-ի մոտ»:
Անապատի մեջ խավար ու տխուր,
Ցրված քարերից մի քարի վըրա,
Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ`
Աշխարհի մասին մըտածում էր նա։
Նրա ճակատը մութն էր ավելի,
Քան անապատը գիշերվա մթնում,
Մտածում էր նա` սեր-լույս ծավալի
Մարդկային կյանքի մութն անապատում։
1892 թ. հունվարի 18
