Ռուստեմը բժիշկ Արիստակես Զարգարյանն է (1864-1935), Թումանյանի մտերիմներից մեկը, Փ. Վարդազարյանի մորաքրոջ որդին: Մ. Թումանյանի վկայությամբ` բանաստեղծը Ռուստեմի հետ մտերմացել է 1896 թ., երբ վերջինս վերադարձել է Մոսկվայից (տե՛ս ԹԺՀ, էջ 469-470): Ջալալ Տեր-Գրիգորյանը (Սալումյան) հիշում է, որ բժիշկը հաճախ այցելել է «Վերնատան» հավաքույթներին. «Կողմնակի այցելուներից,- գրում է նա,- «Վերնատան»-ը ես մի քանի անգամ պատահել եմ Ստ. Լիսիցյանին և բժիշկ Արիստակես Զարգարյանին» (նույն տեղում, էջ 405): 1901 թ. Զարգարյանը մշտապես օգնել է Թումանյանին բժշկական խորհուրդներով:
«Սիրտդ է հիվանդ, պետք է բուժել
Խաղաղ ծոցում բնության...»
Գըտար, ընկեր, ու ճիշտ այդպես
Հիվանդ է նա անպայման։
Նրա ձայնը դու լըսեցիր
Ու խոսեցիր սըրտագետ,
Բայց ես, անփույթ, անուշադիր,
Միշտ կըռվել եմ նըրա հետ։
1901 թ. հունվարի 30
