Հրապարակի վրա դրված է մեր նշանավոր վիպասան և դրամատուրգ Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակի խնդիրը։ Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության վարչությունը, որ գործի նախաձեռնությունը առել էր իր վրա, ընդհանուր ժողով հրավիրեց, ուր և ընտրվեց հոբելյանական հանձնաժողով։ Այսպիսով առաջներս է գրական մի տոն։
Այստեղ մենք խոսք չենք անելու Շիրվանզադեի տաղանդի ու նրա դրական արժանիքի վրա, այլ միայն ուզում ենք վկայել, որ հայ ժողովուրդը եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մինը Շիրվանզադեն է։ Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի, գալիս է հարգելու, պսակելու ինքը իրեն, իր շնորհքը, իր մտավոր-հոգեկան ուժերը, ուժեր, որ ընդունակ լինեին պատկառանք ներշնչելու ո՛չ միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին։ Այդ տեսակետից «Ցավագարի», «Քաոսի», «Արտիստի» և շատ ուրիշ վիպական ու բեմական գրվածքների հեղինակը հանդիսանում է անվիճելի արժանավոր հոբելյար։
Մենք միայն կցանկանայինք, որ արժանավոր մարդու հոբելյանն էլ տոնվեր արժանավայել կերպով։ Կցանկանայինք՝ ավելի մեծ տարածության վրա լսվեր հայ ժողովրդի խրախուսական ձայնը, որ երեսուն տարուց հետո գալիս է մայրական խոսք բերելու իր տաղանդավոր զավակին։ Կցանկանայինք, որ գրական այս տոնին հայտնվեին և՛ ռուսահայը և՛ տաճկահայը, և՛ պարսկահայը, և՛ Հնդկաստանի, Ամերիկայի ու Բուլղարիայի գաղթական հատվածները, և ոչ միայն այս տոնին, այլև միշտ, նման տոներին, և դա դառնար սովորություն։
Ընթերցել ամբողջությամբ →
