Գրված է Վանում:
Նկարագրելով Թումանյանի այցը Վան` Սողոմե Ջրբաշյանը հիշում է տեղի երիտասարդ մտավորականների հետ բանաստեղծի հանդիպումը Սաֆրաստյանների այգում և ոտանավորի գրության հանգամանքների մասին հայտնում. «Այդ գիշեր, լսածի ու տեսածի ազդեցության տակ, նա գտավ ընդմիջման մի քանի րոպեներ, առանձնացավ ու գրեց երեք տնից բաղկացած մի ոտանավոր, կարդաց նույն երեկոյին: Հիշում եմ այդ ոտանավորի մի տունը, որն այսպես էր.
Հե՜յ, ջա՜ն տղերք, ուս տվեք ո՜ւս.
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՜ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման» …
Քանի որ հավաքույթը տեղի է ունեցել հունիս 18-ին, պետք է ենթադրել, որ Թումանյանն «առանձնացել է» ոչ թե ոտանավորը գրելու, այլ չորս օր առաջ գրածը նորից աչքի անցկացնելու համար:
* * *
Շուռ է գալիս ծանր քարը
Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար...
– Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։
Մտիկ տվեք` ինչ վեհ պատկեր
Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,
Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով...
– Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։
1915 թ. հունիսի 14
