Բանաստեղծությունը գրելու օրը «Բանաստեղծությունների» առաջին հատորը (ԲՄ I) Թումանյանը նվիրել է Ջիվանուն` «Յուր սիրելի երգիչ աշըղ Ջիվանուն նվեր Հովհաննես Թումանյանից» ընծայականով և 4-րդ ազատ էջում գրել այս ոտանավորը:
Գիրքը պահվում է ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի Գ. Լևոնյանի անհատական ֆոնդում:
* * *
Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու,
Մարդկային սիրտը հասկանում ես դու,
Եվ քո ձայները երգիդ հարազատ,
Լի են հուզմունքով անկեղծ և ազատ.
Երբ հայրենիքն է քո երգում խոսում,
Կամ նրա վհատ որդին արտասվում,
Զարթնում է իմ մեջ խոր վիրավորված
Հպարտությունը իմ հզոր նախնյաց...
Բայց, ասա, ինչո՞ւ դու սեր երգելիս
Ինձ վերա տանջող թախիծ է գալիս։
1892 թ. մայիսի 1
