Ըստ Ա. Ինճիկյանի՝ «Բանաստեղծության ինքնագիրը գտնվել է «Մուրճ»-ի արխիվում: Ժամանակին չտպագրվելու պատճառը եղել է, հավանորեն, գրաքննության արգելքը կամ Արասխանյանի զգուշավորությունը: Հետաքրքրական է, որ ժամանակի հասարակության ոսկի կուռքերի հավաքական դիմանկարը բնութագրող այս ոտանավորի վերջին տողը բանաստեղծը նույնությամբ օգտագործել է իր երգիծական պոեմի «Փողի քսա՜կը, փողի քսա՜կը…» հատվածում («…Կանգնեցին արձան անվախճան փառքի»)»: Ինչպես այս, այնպես էլ մի քանի ուրիշ երգիծական ոտանավորներ և էպիկական ֆրագմենտներ («Աղոթք», «Հայի զարմանքը», «Հայի տրտունջը», «Հայի ցավը», «Գրականական մազանդա», «Վայր ընկնող աստղեր», «Կտակ», «Հայոց անբախտ գրողը»), «որոնք գրեթե բոլորն էլ գրված են պոեմի ստեղծման ժամանակաշրջանում և իրենց վշտախառն ծաղրով ուղղված են գրողին և արվեստագետին խորթ հասարակության, նրա բարքերի և կուռքերի դեմ»: Ուսումնասիրողը այս բանաստեղծություն կապում է «Պոետն ու Մուսան» երգիծական պոեմի հետ:
Կյանքի տղմի մեջ գլխովին թաղված
Եվ փոքրիկ հոգին կասկածներով լի,
Մտքերն ամեն օր արնով շաղախված
Անցկացրեց նա կյանքն յուր ողորմելի.
Զորեղի առաջ ծունր խոնարհեց,
Իշխանավորի ոտքերը լիզեց,
Ուրացավ պատիվն և արհամարհեց,
Յուր անձը վատնեց և ոսկի դիզեց։
1890 թ.
