Բանաստեղծության գրելու օրը Թումանյանն այն կարդացել է Գրողների ընկերության անունից հանդես գալով հայ գրերի գյուտի 1500-ամյա և տպագրության 400-ամյա հոբելյանների առթիվ Ներսիսյան դպրոցում կազմակերպված երեկույթին:
Միջնադարից եկող ընդհանրացած գրական ավանդույթով Թարգմանչաց տոնի առիթով բանաստեղծություններ էին գրվում:
Գրերի գյուտի և հայկական տպագրության զույգ հոբելյանները ևս կատարվել են Թարգմանչաց տոնի 1913 թ. նշվող օրերին, երբ գլխավոր հոբելյանական հանդիսությունները Մայր Աթոռում տեղի ունեցան հոկտեմբերի 11-14-ին: Նույն օրերին հոբելյանական հանդիսություններ տեղի ունեցան հայկական բոլոր կենտրոններում, այդ թվում նաև Թիֆլիսում:
* * *
Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Թեպետև էսպես ցրվեց, տարածեց,
Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,
Վկա է սակայն բովանդակ երկիր,
Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր –
Կենդանի է դեռ Հայության ոգին։
1913 թ. հոկտեմբերի 13
