Այսօր Թիֆլիսի հայոց առաջնորդարանում կայանում է թեմական ժողովը, և թեմի ամեն կողմերից հավաքվել են պատգամավորները։ Ժովովի պարապմունքները լինելու են Ներսիսյան դպրոցի հաշվի քննությունը և նույն դպրոցի հոգաբարձության ու թեմական խորհուրդի ընտրությունը։ Եվ ահա այս կարևոր ժողովի բացման առաջ մենք միայն մի ցանկություն կհայտնեինք, որ նա կարողանար իրեն ընտրող ժողովրդի իղձերի ճշմարիտ թարգմանը լինել—բարձր կանգներ ամեն նեղ թայֆայական միտումներից և անկեղծ զգացմունքով առաջնորդվեր իր խորհրդածությունների ու ընտրությունների ժամանակ։ Թեմի թե՛ ուսումնարանական, թե՛ տնտեսական վիճակը, չնայելով մի քանի անգամ եղել են ժողովների ու հանձնաժողովների քննության առարկա, միշտ մնում են խեղճ ու խառնակ գրության մեջ։ Անհրաժեշտ է ուսումնական ու տնտեսական մասին հմուտ մարդկանցից կազմված թեմական խորհուրդ, որ մի կարգ հաստատի, արժանավոր տեսուչների ձեռքով հոգա ուսումնարանների բարեկարգությունը և աչալուրջ հսկի թեմի եկամուտների վրա։ Նախորդ թեմական խորհուրդը, որ չկարողացավ ցանկալի գործունեություն ունենալ, անշուշտ ունի իր հարգելի պատճառները, նա չուներ նույնիսկ իր ձեռքին վեհափառ կաթողիկոսի այն կոնդակը, որով գալիս է նորը։
Ինչ վերաբերում է Ներսիսյան դպրոցի հոգաբարձությանը, նրա դեմ խոսք չունեն ասելու մինչև անգամ հակառակորդները։
Հետևաբար կարելի է հուսալ, որ թեմական ժողովի նիստերը կանցնեն առանց անախորժ աղմուկների, որոնք միշտ խեղդում ու խլացնում են մեր հասարակական գործերը։
