Գրված է «Փարվանա» բալլադի ռուսերեն հրատարակության շապիկի վրա: Նվիրված է ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկու կնոջը:
Հյուսիսի կողմից,
Խստաշունչ հողմից
Եկաք դուք մեզ մոտ,
Մեր անհոգ, ուրախ
Ու զոռով խաղաղ
Երկիրն արևոտ։
Եկաք ու ընկաք
Մի նոր դըժընդակ
Փոթորկի առջև,
Ուր կիտվում են դեռ
Ահեղ, շանթաբեր
Ամպերը սև-սև։
1918 թ. հունվարի 29
