Ընկավ ռուսական վիթխարի հանճարը ու մահվան բոթից թնդում է լայնածավալ Ռուսաստանը մի ծայրից մինչև մյուսը։ Թնդում է և ամբողջ լուսավոր աշխարհքը, որովհետև, ինչպես ճշմարիտ մեծ մարդ, կրելով կատարյալ իր ժողովրդի հոգին ու պատկերը, հանդիսանում էր իր ժամանակի գեղարվեստական գրականության այն հոյակապ ուժը, որ կարող էր մի հայացքով ու մի գրվածքով ամփոփել կյանքը ահագին տարածության վրա՝ վերևից մինչև ներքև, արտաքին կեղևից մինչև հոգու ամենածածուկ խորշերը, հանդիսանում էր իր ժամանակի հսկա փիլիսոփան, որ աշխատում էր լուծել կյանքի առեղծվածը, խորամուխ լինել, հասկանալ ու պատասխան գտնել, թե ինչո՞ւ է ապրում մարդը և փիլիսոփայական խաղաղությամբ նայելով մահվան պաղ ու խորունկ աչքերին՝ ուզում էր հաշտություն ստեղծի նրա ու նրա առջև սարսափող հոգիների մեջ։
Գերագույն ապավեն էր որոնում, Աստված էր որոնում տառապող ու դժբախտ մարդկության համար և գտնում էր նրան ոչ թե ուժի մեջ, այլ արդարության, ճշմարտության, ներքին, բարոյական մաքրության և այն սիրո մեջ, որ հավասարեցնում ու եղբայրացնում է մարդկանց, թշնամի չի ճանաչում աշխարհքում, չի հակառակում նույնիսկ չարին. և ազատությունն էլ հենց սրա մեջ էր դավանում։
Ընթերցել ամբողջությամբ →
