Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1896-1898 թթ.-ին: Գրության շարժառիթը արևմտահայության կոտորածներն են` կազմակերպված սուլթան Համիդի կողմից 1894-96 թվականներին: Գրված է սաղմոսների հետևողությամբ: Նախօրինակը Դավթի 12-րդ սաղմոսն է, որի հետ կան գրեթե բառացի նմանություններ: Համեմատիր, օրինակ, բանաստեղծության առաջին քառատողը սաղմոսի այս տողերի հետ.
Մինչև ե՞րբ, Տե՛ր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչև ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից,
Մինչև ե՞րբ խռովք ունենամ իմ հոգում և ամենօրյա ցավ իմ սրտում...
Երրորդ քառատողի «կոտորածի ձոր» արտահայտությունը վերցված է Երեմիայի մարգարեությունից, որտեղ Եհովան, զայրացած Իսրայելի ժողովրդի վրա` Բաբելոնի աստվածներին պաշտելու և իրենց որդիներին Գլորման վայրում նրանց զոհաբերելու համար, ասում է. «Դրա համար էլ, ահա, օրեր են գալու, երբ այդ վայրի անունն այլևս չի կոչվելու Գլորման վայր կամ Ենոմացիների գերեզման, այլ Կոտորածի ձոր» ( Երեմիա, 7.32, 19,6):
Այդ արտահայտությունը, իհարկե, Թումանյանի բանաստեղծության մեջ բոլորովին այլ իմաստ ունի:
Ա
Տե՜ր, մինչև ե՞րբ մեր աչքերը քեզ մընան.
Մեր գույժն հասավ հեռո՜ւ-հեռու ազգերին,
Աշխարհ լըցվեց մեր աղաղակ, մեր կական,
Ու չի անցել մեր տանջանքը տակավին։
Ինչո՞ւ, Աստվա՛ծ, որբե՞րն արդյոք հայրական
Գութըդ կօրհնեն կոտորածի էս ձորում,
Թե՞ տարագիր պանդուխտները կըպատմեն
Ողորմությունդ օտար-օտար ափերում։
Մի՞թե, Աստվա՛ծ, դեռ բավական չըտեսար
Էսքան ավեր, վիշտ ու ցավեր, հեծություն,
Մի՞թե, Աստվա՛ծ, հաճելի չեն քեզ համար
Աղոթք ու սեր, կյանք ու տաղեր զըվարթուն։
