Գրության ժամանակը պարզվում է հետևյալ փաստերով. 1902 թ. օգոստոսի 6-ին, Փ. Վարդազարյանին ուղղած նամակում Թումանյանը գրում է. «Անցյալ օրը մի ոտանավոր գրեցի, հետևյալ նամակով կուղարկեմ», իսկ հաջորդ նամակում` գրված օգոստոսի 10-ին, կարդում ենք. «Անցյալ անգամ խոստացա հաջորդ նամակով քեզ ղրկել իմ նոր գրած ոտանավորը: Կատարում եմ խոստումս և մեկի փոխարեն երկուսն եմ ղրկում»: Եվ, իսկապես, ուղարկում է երկու բանաստեղծություն` «Ընկերիս», որը գրել է օգոստոսի 10-ին, և այս ոտանավորը, որ խոստացել էր նախորդ նամակում:
Օրերս անպըտուղ, տըխուր, ձանձրալի,
Ու գընում եմ ես ունայն տըրտունջով
Իմ սիրած մարդկանց, իմ լավ հույսերի
Գերեզմանների շարքերի միջով։
Թաղել եմ նըրանց։ Տխուր է ճամփան։
Եվ իմ հայրենի աշխարհում օտար,
Օտար ու մենակ անցվորի նըման,
Որ չունի ընկեր, ոչ տեղ ու դադար։
1902 թ. օգոստոս
