«Մշակի» № 81-ում պ. Գ. Վ.-ն արձանագրում է իբրև տխուր փաստ, որ ես, Պոլսի ս. Երրորդության եկեղեցու միտինգի դեմ բողոքելով, առիթ տվի «Սուրհանդակին» մի առաջնորդող գրելու (№ 19), որի մեջ հոդվածագիրը միտինգ կազմողներին մեղադրում է, թե նրանք էդ ամենն արել են հեշտ ժողովրդականություն ձեռք բերելու համար և չբավականանալով մինչև այժմ իրենց շուրջը տարածած մահ ու ավերով, ուզում են սատանայական մի նոր դավ սարքել ռուսահայերիս գլխին։
Այժմ պ. Գ. Վ. ինձ հարցնում է, թե ես ի՞նչ զգացի, երբ կարդացի էս տողերը, որոնց առիթը ես եմ տվել։
Ամենից առաջ պ. Գ. Վ.–ին պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս, գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում, իսկ թե ուրիշը իմ գրածի առիթով ի՛նչ կգրի, այդ միանգամայն իմ գործը չի, ես պատասխանատու չեմ ուրիշների գրածի համար, և նույնիսկ չի կարելի առաջուց ամեն բան նախագուշակել։ Օրինակ, ես ի՞նչ կարող էի մտածել, որ իմ բողոքի առիթով «Սուրհանդակի» գրած առաջնորդողից պ. Գ. Վ.–ն էդքան կտխրեր կամ «Մշակ»–ը կվշտանար, մի վիշտ, որ ինչքան անսպասելի էր, էնքան էլ ուրախալի է, որովհետև, հիրավի, մարդիկ գուցե սխալ են, բայց նրա համար հո չեն միտինգ արել, որ մեր գլխին սատանայական դավեր սարքեն։
Ընթերցել ամբողջությամբ →
