Մի գրական-պատմական ուսումնասիրության համար վերցրել էի «Վերք Հայաստանին», և հատկապես Բաքվի կուլտուրական միության հրատարակությունը՝ երկու պատճառով, նախ, որ շատ է տարածված, երկրորդ՝ արտատպած է Մոսկվայի Ժամհարյան հրատարակությունից. իսկ Ժամհարյանի հրատարակությունը ուղղած ու լրացրած է հեղինակի ձեռագրով, «որպեսզի գրքի տպագրությունը հեղինակի բարձր անվան վայել արժանավորություններն ունենա…», ինչպես ասված է հառաջաբանում։ Բայց մեծ եղավ ցավս, երբ գտա, որ էնքան խնամքով ու զգուշավորությամբ արած Մոսկվայի հրատարակությունը ոչ միայն չի ուղղել հնի—Թիֆլիսի հրատարակության, ափաշկարա սխալները, այլև նրա վրա ավելացրել է նոր, ավելի խոշոր սխալներ։ Բաքվի կուլտուրական միությունն էլ նրանից արտատպելիս իր սխալներն է ավելացրել, և, ահա, էսօր հայ ժողովրդի պաշտելի «Վերք Հայաստանին» դրված է մեր սեղանի վրա իբրև հայ գրքերի մեջ ամենաանփույթ տպված գրքերից մինը, գուցե հենց ամենաանփույթ տպվածը։ Հին, 1858 թ. Թիֆլիսի տպագրության մեջ սխալներ կան. օրինակ՝ էջ 100 տպված է «խոռը վեր ածելով», փոխանակ խոտը վեր ածելով, դիբա, փոխ. դիբ ա, էջ 258 քյանդաղ, փոխ. փիանդազ, էջ 128 վտանկավոր ճամփերով, փոխ. վտանգավոր ճամփեքով, կամ թե չէ հնում՝ Էջմիածնի միաբանքն էնպես ցրվեցան որ «երկու ջանիցը հինգն էլա չմնացին…», նորերում, ուղղածներումն էլ նույն (էջ 109, 120, 138, 269) և սրանց նման ավել կամ պակաս կարևորություն ունեցող սխալներ անարատ մնացել են իրենց տեղը։ Էդ հերիք չի, որ եղած սխալները թողել են, շատ ուղիղ տեղեր էլ փչացրել են ու սխալ են տպել։
Ընթերցել ամբողջությամբ →
