Գրված է Վ. Բրյուսովի` հայոց բանաստեղծության և պատմության մասին թիֆլիսյան դասախոսությունների օրերին: Բանաստեղծության մեջ արտահայտված մտքերն ու գաղափարները տարբեր ձևերով տեղ են գտել այդ առիթով Թումանյանի հոդվածներում և հրապարակային ելույթներում:
Ահա ինչպես է դիմում նա ռուս բանաստեղծին` հիշելով նրա այն խոսքերը, թե` «հայոց բանաստեղծությունը հայ ազգի ազնվության վկայականն է». «Այո՛, մեր թանկագին հյուր և ազնիվ բարեկամ, մենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը: Բայց էդ վկայականը էն վկայականներից չի, որոնց վրա դրված է մարդկային իշխանության կնիքը, էդ էն վկայականներից է, որոնց վրա բնությունն ու աստված են դրել իրենց կնիքը և դրա համար էլ ինչքան դժվար է դրա ունենալը, նույնքան էլ դժվար է կարդալը: Սա էն գիրն է, որի մասին մեր Սայաթ-Նովան ասում է.
«Ամեն մարդ չի կանա կարդա, իմ գիրն ուրիշ գրեն է…»:
Դուք եղաք էն հազվագյուտ մարդկանցից մեկը, որ կարողացաք կարդալ էս կախարդական գիրը ամբողջ աշխարհի առջև: Մեզ էս կողմից քիչ են ճանաչում լուսավոր աշխարհքում, և մանավանդ Ռուսաստանում: Ռուսական նշանավոր գրողներից առաջինն եք դուք, որ հռչակավոր ընկերների հետ միասին մեր և մեր եղբայրակից ժողովուրդների ստեղծագործական կարողությունն ու գեղարվեստական գործերը հիացումով հանում եք լայն հրապարակ և փոխադարձ հարգանքի ու սիրո կապերով ժողովուրդները շաղկապում իրար հետ»:
Մեզ մոտ եք եկել ձյունի աշխարհից,
Կոչում դեպ բարին, դեպ վսեմն ու սեր
Մեր ցավոտ սրտում զարթնում են նորից
Երջանիկ կյանքի իղձեր ու հույզեր։
Աշխարհից աշխարհ թող ձեն տան իրար,
Որոնք իշխում են մարդկանց սրտերին,
Ազգերն ինչ ունեն ազնիվ ու պայծառ,
Թող ի մի բերեն էս դառն օրերին։
1916 թ. հունվար
