Վանից արևելք բարձրանում է Վարագա լեռը, ուր, ավանդությունն ասում է՝ ապաստան գտան հեթանոս Հռոմից հալածական քրիստոնյա Հռիփսիմե իշխանուհի օրիորդն ու իր ընկերուհիները և թաղեցին Քրիստոսի խաչափայտի մասը, որ բերել էին իրենց հետ։ Ահա էս սրբությունն է, որ տոնում է հայոց եկեղեցին Վարագա խաչի անունով, և էս խաչի ու էս սարի վրա է կանգնած Վարագա հռչակավոր վանքը, ուր հնում թաղվում էին Վասպուրականի թագավորները։
Անցյալ դարի կեսերում Հայոց աշխարհքի վրա մի արծիվ էր պտտվում։ Պտտվեց, պտտվեց ու Վարագա սրբազան բարձունքը, Վարագա հոյակապ վանքը ընտրեց իրեն բույն։ Նա, էն կորովի արծիվը, ապագա Հայոց Հայրիկը, արծվենի հայացքով նկատել ու չափել էր համատարած խավարը, որ տիրած էր իր հայրենի երկրին և գալիս էր ջահ վառելու Վասպուրականի բարձրությունների վրա, չորս կողմը լուսավորելու, և անելու ամեն բան, ինչ որ «ազգին միության, հայրենյաց շինության, եկեղեցյաց բարեզարդության և հայ մանկտվույն լուսավորության կվերաբերին»։ Ու 1857 թվին ձգեց փրկարար գործի և գործունեության հիմքը։ Ուսումնարան բաց արավ, տպարանական մամուլ բերավ, որ առաջին անգամն էր տեսնում Հայաստանի հողը, և սկսեց ամսագիր հրատարակել «Արծվի Վասպուրական», որ «թռուցյալ հայրենասեր թևոք յԱրծրունի մենաստանէն Վարագա» անդադար կանչում էր «լուսավորություն, լուսավորություն», քաջ գիտենալով՝ լուսավորյալ ազգերն են միմիայն, որ մարդավայել կապրեն և հավատալով, որ՝ «թե ուշ, թե անագան իր ձենը հայոց ականջին պիտի հասնի»։
Ընթերցել ամբողջությամբ →
