Պ<արոն> Եզեկյան, Դուք գուցե նկատած լինեք, որ մեր մամուլի մեջ, ով ուզում է լինի, հենց որ բանակռիվ է սկսում կամ ավելի ճիշտը, բռնում է Հ. Առաքելյանին, շատ շուտով բանն այնտեղ է հասնում, որ այս ու այն կողմից սկսում են բողոքել, թե՝ այս ինչ է, միայն հայհոյանքներ ենք լսում։ Հարկավ, ուրիշների հետ բանակռվելիս էլ է պատահում, բայց սակավ, իսկ դրա հետ միշտ հայհոյանքով է վերջանում, ընչի մասին ուզում է լինի և ով ուզում է լինի։ Թե ինչո՞ւ է այս այսպես, Ձեզ եմ թողնում սրա լուծումը, քանի որ Դուք նրա զինակիցն եք նույն թերթի մեջ և անշուշտ լավ եք ճանաչում, բայց փաստը փաստ է, որ նրա հետ բանակռվելիս, ընթերցողն սկսում է բողոքել։ Ծիծաղն այն է, որ այդպիսի ժամանակները պարկեշտ մարդու կեղծամ են հագնում ու ծանր-ծանր հրապարակ իջնում վայելչության դասեր տալու և հայհոյանքի դեմ բողոքելու, նույնիսկ, շատ այնպիսի մարդիկ, որ բացի սուտն ու հայհոյանքը էլ ուրիշ ոչինչ չունեն տված աշխարհքին, և այս երևույթն այնքան է ավելի զզվելի, որ մարդ ակամայից բացականչում է, թե էլի ողորմի Հ․ Առաքելյանի հորը, նա միայն սուտ է խոսում ու հայհոյում, իսկ սրանք և՛ սուտ են խոսում, և՛ հայհոյում, և՛ պարկեշտ ձևանում, փարիսեցիություն են անում։
Ընթերցել ամբողջությամբ →
