3-րդ տողը, որի փոխարեն ԲՄ II-ում կետեր են դրված, վերականգնել են ԵԺ I-ի կազմողները` տողատակ տալով հետևյալ ծանոթագրությունը. «Այս տողի փոխարեն ԲՄ 2-րդ հատորի մեջ դրված են կետեր: Այդ, հավանաբար, արված է գրաքննիչի ձեռքով: ԲՄ 2-րդ հատորի` Ղ. Աղայանին նվիրված օրինակում Թումանյանը կետերի վրա գրել է` «Մեր հալածված հայրենիքում», որի հիման վրա և մենք վերականգնել ենք տողը»:
Հեռո՛ւ, ո՛վ սուրբ խաղաղություն,
Մենք քեզ համար չունենք անկյուն
Մեր հալածված հայրենիքում
Եվ մեր ցաված սրտի խորքում:
Գնա դեպի այն լեռները,
Ուր որ հովիվն ու գառները
Ապահով են պատառողից,
Մենք ազատ չենք ահ ու դողից:
1889 թ. դեկտեմբեր
