Անգլիացի բանաստեղծ Ջոն Վիլսոնի (1785-1854) «Ժանտախտի քաղաքը» («The city of the Plague» ողբերգությանը (1816) Պուշկինը ծանոթացել է 1829 թ.: 1830 թ. նա թարգմանել է դրանից մի հատված, վերնագրելով` «Пир во время чумы», որի երկու երգերը (Մերիի և նախագահի) գրել է ինքը: Անգլերեն բնագրում դրանք չկան:
Թումանյանը թարգմանել է Մերիի երգը:
Կար ժամանակ, որ ծաղկում էր
Մեր աշխարհքը անխըռով,
Աստծո տաճարն որոտում էր,
Թընդում էր տոն օրերով։
Աղմըկալի մեր դպրոցում
Երգում մանկունք մեր մատաղ,
Շողում էին լիքը հանդում
Սուր գերանդին ու մանգաղ։
Այժմ թափուր եկեղեցին,
Դպրոցը փակ, խըլացած,
Արտը կըծղած հանդի միջին,
Թավ պուրակը դատարկված.
Ու գյուղն էրված մի տան նըման
Կանգնած ավեր, ամայի,
Ո՜ղջ պապանձված, լուռ չի միայն
Դամբարանը ահռելի։
1910 թ.
