«Մեղմ ու բարի լինելով՝ դու ասում
ես. մեղավոր չեն նրանք իրանց չնչին
գոյությունով։ Իսկ նրանց նեղ հոգին
մտածում է. մեղք է ծանրացած ամեն
մի մեծ գոյության վրա»։
Նիցշե
Աշխարհքում մի մարդ կա, անունը Ռ. Դրամբյան։ «Մի դիպվածով» էդ Ռ. Դրամբյանի ձեռքն են ընկնում իմ կազմած և իշխանուհի Մ․ Թումանյանի հրատարակած մանկական պատկերազարդ գրքույկները։ Կարդում է «Ծիտը»։ Բարեբախտաբար միայն էս մեկը։ Պարոնը սուր հիշողություն է ունենում։ Հիշում է, որ դա վերցված է Ս. Հայկունու առակներից։ Համեմատում է՝ տեսնում է նույնն է «բառացի»։ Կարդում է «Լուսաբերի» հեքիաթներից—նույն բանը… Մտածում է. ահա թե ինչով են «մեծանում» մեր «հեղինակություն ու դիրք ձեռք բերելու տենչով տարված գրագետները…», ինչով են փառք վաստակում ու գումարներ դիզում…
