Ոմանք չարագուշակություններ էին արել երիտասարդ Գալֆայանի մասին, որ գնացել է Փարիզ դերասանական արվեստն ուսանելու։ Հակառակին այնտեղից նրա մասին բարի լուրեր էին գալիս, այնինչ սրանց հարկավոր էր մի գույժ, մի անհաջողություն, որ փառավորվեին։ Եվ ահա պատեհ առիթ գտան։ Մայիսի 1-ին Գալֆայանը «Օթելլոյի» մեջ խայտառակվեց Փարիզում…
Մեզ ու ձեզ մեծ ավետիք։ Սկսեցին հրճվել, գրել ու պարծենալ, թե իրանք ինչ մարգարեներ են, միշտ խելոք բաներ են ասում, բայց լսող չկա… Եվ դեռ իրանց հրճվանքն ու հայհոյանքը չվերջացրած, Մուրճի աշխատակից պարոն Սևյանը խրոխտալով կանչում է. «Այժմ եկավ, հասավ ժամանակը, երբ «քարերն» անգամ սկսան աղաղակել (?), աշխարհին գուժելով հայ բեմի, հայ գեղարվեստի անունը ցեխի հավասարեցնող իրողության մասին (Փարիզում ներկայացրած «Օթելլոյի» մասին է մեր խոսքը)։ Այդ նույն մեզ անպատվող, անարգող, «բթամիտ» հորջորջող պարոնը (այսինքն ես) լռիկ մնջիկ, անտարբեր (?) իր քնարն է լարում (?), չունենալով իր սխալված լինելը հրապարակով, մամուլի միջոցով հայտնելու քաղաքացիական քաջությունը» (Մուրճ, № 6, էջ 699)։
Ընթերցել ամբողջությամբ →
