Նամակում Թումանյանը, ի միջի այլոց, գրում է. «Այսօր քո նամակն, ասում եմ, նորից կարդացի և նրա տպավորության տակ գրեցի այս փոքրիկ ոտանավորը»: Այնուհետև` «Գաղափարների ու երազների աշխարհն է, որ ես մի խոսքով անվանել եմ Վեր»:
Իմ վեհ տենչերի, չըքնաղ վըշտերի,
Վառ երազների մըտերիմ ընկեր,
Դու էլ ինձ նըման պանդուխտ ու գերի,
Անզուսպ կարոտով ձըգտում ես միշտ Վեր։
Այնտե՜ղ, մեր հոգու սուրբ հայրենիքում,
Խաղաղ օրերի պայծառ լույսի տակ
Ապրում է սերը, ժըպիտը ծաղկում,
Ուրախ երգերը թընդում ներդաշնակ...
Բայց, ա՜խ, նա այնքան, այնքա՜ն է հեռու,
Ու` մինչև այնտեղ կըհասնենք մենք դեռ,
Այնքա՜ն ենք լալու, այնքա՜ն տանջվելու,
Իմ տանջանքների մըտերի՛մ ընկեր։
1902 թ. օգոստոսի 10
