Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին: Հիմքում լեզգի ասպատակների դեմ հայ ժողովրդի պայքարի դեպքերն են:
Ասվում է, որ լեզգիները, ասպատակելով Հայաստանը, հասնում են մինչև Սևան, ուր պատսպարվել էին լճի շրջակա բնակավայրերի բնակիչները: Չկարողանալով գրավել կղզին` պատրաստում են քառասուն արկղ` ամեն մեկի մեջ տեղավորելով երկուական ավազակի: Որպես վաճառականներ ներկայանալով` խնդրում են արկղերը, իրենց ապրանքը, միառժամանակ կղզում պահելու, որպես թե լեզգիների կողոպուտից փրկելու համար: Երկու լեզգիներ իբրև թե ապրանքի պահպանության համար մնում են կղզում, որ գիշերը բացեն արկղերը:
Վանքի սաներից մեկը այդտեղ է գալիս սերտելու դասերը: Պատահաբար երբ հենվում է արկղերից մեկին, ներսի լեզգին ձայն է տալիս: Լսելով նրա ձայնը` աշակերտը գնում և պատմում է վանքի միաբաններին: Բռնելով կղզի եկած երկու ծպտյալ լեզգիներին` իմանում են, թե ինչ էին նրանք ծրագրել, և արկղերը ծովն են նետում:
Համաձայն ավանդության` այս պատմության հիման վրա է ստեղծվել «Ժամագրքի» Խաղաղական ժամերգության «Շնորհեա մեզ, Տէր» երգը :
Թումանյանը տուն առ տուն իրար զուգահեռ է ներկայացրել հիշյալ ավանդությունը և «Շնորհեա մեզ, Տէր» երգի տողերը, որով, ըստ գործողությունների զարգացման ընթացքի, իրար զուգահեռ են ընթանում ավանդության և Խաղաղական ժամերգության երգի ծիսակատարությունը:
(Ազգային ավանդություն)
Ահա եկել պաշարել են
Լեզգիները մեր Սևան,
Բայց չեն կարող կըղզին մըտնեն,
Կապտեն զարդերն Աստծո տան`
Զի Աստուած ընդ մեզ է...
[Հանդի սոված գելերի պես
Վեր են թափել եզերքին,
Իսկ մենք խաղաղ, ահա էսպես
Երգում ենք մեր մեղեդին.]
Զի Աստուած ընդ մեզ է...
