«Ալեքը» հայրենի լեռնաշխարհում վաղ տարիների բանաստեղծի դիտած իրողությունների և տպավորությունների արդյունքն է: Լեռնային գյուղերի բնակիչների վրա կատարվող ավազակային հարձակումների, թալանի և առևանգումների, ազգային թշնամանքի ու վրիժառության դեպքերը եզակի չէին հայրենի գավառի կյանքում: Բացի այս պոեմից, Թումանյանը այլ առիթներով ևս անդրադարձել է այդ փաստերին: Այսպես, «Բորչալվում» ակնարկի մեջ նա հատուկ խոսում է թուրքական ավազակախմբերի մասին, «որոնք ահով ու սարսափով են անցկացել Բորչալվի վրայից», հիշատակում է նաև, որ «այս ձորերումն էլ անպակաս են եղել հայ իգիթներն ու ավազակները, որոնց ահը դեռ չի անցել» (տե՛ս Հհ, 151-152): Մի քանի տարի անց` 1898 թ. ամռան և աշնան ամիսներին Թումանյանը Թիֆլիսի «Новое обозрение» թերթում հրապարակեց իր անստորագիր թղթակցությունները` նվիրված Անդրկովկասի տարբեր վայրերում կատարված ավազակային հարձակումներին:
Հատկանշական է, որ ժամանակակիցները «Ալեքի» կերպարների մեջ տեսել են իրական նախատիպեր: Այսպես, Տ. Վերանյանը բանաստեղծին հասցեագրած նամակում (27 դեկտեմբերի 1890 թ.) այս պոեմի մեջ նկարագրված քահանայի կերպարը ուղղակի կապել է բանաստեղծի հոր` Տեր-Թադևոսի բնավորության հետ: Տ. Փիրումյանը վկայել է, որ Ալեքի նախատիպը եղել է Դսեղ գյուղից նույնանուն մի երիտասարդ, «մի հայտնի ավազակ», իսկ Իս. Հարությունյանը գրել է. «Դսեղը մինչև այժմ էլ հայտնի է իր քաջասիրտ «իգիթներով»... Դսեղի որդիքն են նույնպես Լոռում հայտնի հռչակ ունեցող քաջ Ալեքը, Սոսը և ուրիշները, որոնք շարունակ կռվել են թուրք ավազակային խմբերի հետ և «իգիթի» անուն ժառանգել»: Ըստ որոշ տվյալների` հեղինակն իր այս երկը նախապես մտադիր է եղել վերնագրել «Անմեղ ավազակ»:
I
Ի՜նչ փարթամ է Արմենիան,
Ի՜նչ սիրուն է, աննման.
Լեռներ չքնաղ, հովասուն
Կատարներով պսպղուն.
Ծեր ծմակներ ծառախիտ,
Ջրեր անուշ ու վճիտ.
Դաշտեր բերրի, արգավանդ.
Եվ լիություն երկնավանդ.
Երկինքը ջինջ, բաց կապույտ,
Ամպերն ազատ և անփույթ,
Թեթև, անհետ, իբր անուրջ,
Պտտվում են նրա շուրջ.
Չնաշխարհիկ այն երկրին
Մարդիկ դրախտ կոչեցին։
1889 թ.
