Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած` իրարու սեղմ կպած նստած էին նրանք։
