«Աքիլլես» բալլադի թարգմանությունը դասական ռոմանտիկական պոեզիայի նկատմամբ բուռն հետաքրքրության արտահայտություններից է, որ 1890-ական թթ. որոշակիորեն նկատվում է Թումանյանի ստեղծագործական կենսագրության մեջ:
Երիտասարդ Թումանյանի գեղարվեստական որոնումների մեջ որոշակիորեն զգացվում է նաև անտիկ աշխարհի պատմությունն ու մշակույթը ճանաչելու ձգտումը, որի ցայտուն դրսևորումներից մեկն էլ եղավ Ժուկովսկու բալլադի թարգմանությունը:
Թումանյանը ձգտել է պահպանել բնագրի տաղաչափական կառուցվածքի հիմնական գծերը` ութտողանի տներ, բոլոր կենտ տողերը կազմված ութ, իսկ զույգ տողերը` յոթ վանկից: Սակայն կա մի սկզբունքային տարբերություն: Ժուկովսկու բալլադը գրված է կանոնավոր քորեյական տողերով, մեկընդմեջ իգական և արական հանգերի կայուն հաջորդականությամբ: Այնինչ Թումանյանը, ելնելով մեր ազգային լեզվի բնույթից, թարգմանել է հայկական վանկային ոտանավորով` տողերի ներսում, 4-րդ վանկից հետո ամենուր դնելով հատած և առաջացնելով դադար: Իգական և բացարձակորեն գերակշռող արական հանգերի հաջորդափոխությունն էլ որևէ կայուն սկզբունքի չի ենթարկվում:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Մըռայլվեցավ Տրովադան,
Լուռ է ռազմի հարթավայրը,
Քընած բանակն Ատրիդյան։
Խաղաղ են շուրջ։ Առկայծում են
Խարույկները բանակի,
Երկա՜ր ու ձիգ ձայնարկում են
Պահնորդները մեկ մեկի։
