ԱՌԱՋԻՆ ԻՐԻԿՈՒՆԸ
Ափսոս, որ դուք չէիք ճանաչում իմ պապին։ Մի հազվա-գյուտ մարդ էր ու աննման որսկան։ Շաբաթներով սար ու ձոր ընկած որսի էր ման գալի ու ոչ հոգնում էր, ոչ քնում, ոչ ու-տում էր, ոչ խմում։ Եվ անվերջ, անվերջ պատմություններ էր անում իր որսորդական կյանքից։
Իրիկունները չիբուխը սարքում էր, վառարանի դիմացը նստում ու պատմում։
Մի անգամ էլ, պատմելու ժամանակ, մեզանից մի չարա-ճճին ընդհատեց.
― Հը, պապի, էդ մինը ավելացնում ես․․․
― Փա՛հ,― ասավ,― ինձ որ ասում եք` ավելացնում ես, հա-պա ինչ կասեիք, եթե իմ ընկեր բարոն Մյունխհաուզենին լսեք։
― Ո՞վ է Մյունխհաուզենը, պապի։
