«Թմկաբերդի առումը» մտահղացվել ու գրվել է նախորդ դարի առաջին տարիներին` Թումանյանի ստեղծագործական բուռն վերելքի շրջանում: Պոեմն այդ վերելքի լավագույն արտահայտություններից մեկը եղավ:
«Թմկաբերդի առումն» ունեցել է ինչպես գրական-բանահյուսական, այնպես էլ կենսական ազդակներ: «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ Թումանյանը, իբրև պոեմի հիմնական գրական աղբյուր, նշել է հայտնի բանահավաք և ազգագրագետ Երվանդ Լալայանի «Ջավախքի բուրմունք» ժողովածուն, որից բանաստեղծը քաղել է և՛ իր պոեմի սյուժետային կորիզը, և՛ վերնագիրը:
Առաջին անգամ տպագրվել է ՄՃ, 1905, №1, էջ 5-10, №2-3, էջ 34-40, «Աշուղի զրույցը» ենթավերնագրով: Ինքնագիրը չի պահպանվել:
Այնուհետև հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է ևս վեց անգամ.
Հետագայում պոեմն ունեցել է բազմաթիվ այլ հրատարակություններ` առանձին գրքույկներով և ժողովածուների մեջ:
———————————————————————————————————————————————————————————————————————
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
