Վաղո՜ւց, շատ վաղուց, մի տեղ մի անգամ ես մի ոտանավոր եմ կարդացել։ Վաղուց էլ մոռացել եմ էն ոտանավորը… բայց մտքիս մեջ մնացել է առաջին տողը․
«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը…»։
Ձմեռ է հիմի․ ցուրտը սառցրել է լուսամուտներիս ապակիները․ մի մոմ է վառվում մութը սենյակում։ Քաշվել, նստել եմ մի անկյունում, իսկ գլխիս մեջ հնչում է ու հնչում.
«Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը…»։
Ու իբրև թե քաղաքիցը դուրս մի ռուսական տան ցած պատուհանի առջև կանգնած եմ ես։ Ամռան երեկոն մեղմիկ հալվում, փոխվում է գիշերի։
