Լինում է, չի լինում` մի հարուստ վաճառական։ Ունենում է երեք աղջիկ, մինը մյուսից գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը։ Ինքն էլ ո՛չ կնիկ է ունենում, ո՛չ ուրիշ մոտիկ մարդ. ո՛չ կյանքն ու կայանքը, ո՛չ արծաթն ու ոսկին աչքին չեն գալիս, իր ամբողջ սերը տալիս է աղջիկներին։ Երեքին էլ սիրում է, բայց ամենից շատ սիրում է փոքրին։ Մի անգամ էս վաճառականը վեր է կենում` թե գնա հեռու աշխարհքներ առուտուրի։ Երեք աղջկանն էլ կանչում է, ասում է. «Ի՞նչ եք ուզում, որ ձեզ համար բերեմ»։ Մեծ աղջիկն ասում է. «Ես մի անգին քարերով զարդարած ոսկե ապարոշ եմ ուզում»։
