Իրիկուն է։ Համլիկը պատրաստվում է քնելու։ Մայրիկը շորերը հանեց ու ասավ.
― Դե՜, հիմի աղոթիր։
Երեխան չոքեց իր ճերմակ անկողնում, «Հայր մերն» ասավ ու մեծ, պայծառ աչքերը վեր ուղղելով` Աստծուն խնդրեց.
― Աստված ջան, պահի հայրիկին, մայրիկին, Մուշեղին, Աշխենին, Նունիկին, Անոյին, Արփիկին…
Ու կանգնեց։
― Էլ ո՞ւմ,― հարցրեց մայրիկը։
― Պապին, տատին, հորեղբայր Վահանին, Սիգուշին, Լևոնին, Կուտիկին։
Սիգուշն ու Լևոնը իր ընկերներն էին, իսկ Կուտիկը իրենց շունն էր։
