Թարգմանությունը կատարվել է 1893 թ.: Ինքնագիրը չի պահպանվել:
Բայրոնի պոեմի այս հատվածը, որը Բրիտանիայից հեռանալիս հերոսի հրաժեշտի խոսքն է, վերնագիր չունի: Թումանյանը կոչել է «Չայլդ Հարոլդի երգը»: Թարգմանելիս նա օգտվել է երգի տողացի թարգմանությունից, բայց նկատի է ունեցել նաև պոեմի ռուսերեն թարգմանությունները:
«Ինեսսին» քնարական հատվածը, որը պոեմի հերոս Չայլդ Հարոլդի դիմումն է իր բարեկամուհուն, Թումանյանն առաջին անգամ թարգմանել է 1890-ականի կեսերին:
Կարելի է առանձնացնել «Ինեսին» հատվածի թարգմանության հինգ տարբերակ. ա) Մարիամ Վարդազարյանի ալբոմում գրի առածը, բ) «Վտակ» թերթում տպագրվածը, գ) թերթի կտրոնի վրա կատարած փոփոխություններից առաջացած տարբերակը, դ) Թումանյանի ինքնագիրը (Ա) և ե) Անուշի արտագրած տարբերակը (Բ):
—————————————————————————————————————————————————————————
Մնաս բարյավ, կապույտ հեռվում
Կորչող եզերք հայրենի,
Բուքն հեծում է, ծովը գոռում,
Ճայը ճըչում վայրենի։
Արևն ահա շտապում է
Ծովի խորքում հանգչելու…
Բարի գիշեր, իմ հայրենի՛ք,
Մնաս բարյավ նաև դու։
