Հենրի Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» պոեմի երկու գլուխների թարգմանությունը կատարվել է, հավանաբար, 1907 թ.: Թարգմանության ինքնագիրը չի պահպանվել:
Թարգմանության առաջին հրապարակումն ունի հետևյալ ծանոթագրությունը, որը, անշուշտ, կազմել է Թումանյանը.
«Հ. Լոնգֆելլոն ամերիկյան նշանավոր բանաստեղծ էր: Վախճանվել է 1882 թվին: Նա մի իդեալիստ էր, գեղեցիկին ու վսեմին նվիրված մի քնքույշ հոգի: Նշանավոր են նրա նեգրերի ազատության համար գրած երգերը: Բայց «Հայավաթի երգը» պոեմը, որից տալիս ենք երկու գլուխ, նրա գլուխգործոցն է համարվում:
Պոեմի նյութը վերցրած է Հյուսիսային Ամերիկայի հնդիկների մի ավանդությունից: Այդ ավանդությունն ասում է, թե` երկինքը հրաշալի ծագումով մի մարդ է ղրկել նրանց, որ սովորեցրել է վայրենի ցեղերին երկրի մշակումը և խաղաղ արվեստներ:
Նրա անունը եղել է Հայավաթա – կնշանակի մարգարե, ուսուցիչ»:
Թումանյանը թարգմանել է «Հայավաթի երգի» միայն նախերգանքը և 22 գլուխներից առաջինը` «Խաղաղության չիբուխը»: Լոնգֆելլոյի պոեմի թարգմանությունը տարբեր ժողովուրդների էպիկական պոեզիան ճանաչելու և ստեղծագործաբար յուրացնելու ձգտման դրսևորումներից մեկն էր, ձգտում, որը տակավին 1890-ական թվականներից շատ բնորոշ էր Թումանյանին: Այդ ճանապարհին նա չէր կարող ուշադրություն չդարձնել ամերիկյան հնդիկների բանահյուսության, նրանց կյանքի ու կենցաղի յուրահատուկ գծերով առատորեն հագեցած մի այնպիսի ստեղծագործության վրա, որպիսին էր Լոնգֆելլոյի պոեմը:
Ամերիկյան բանաստեղծի մարդասիրական ստեղծագործությունը թարգմանելու փաստը ուներ նաև կենսագրական ու գաղափարական ավելի կոնկրետ ազդակներ: Թարգմանության պահին Թումանյանը նոր էր անցել Կովկասում ազգամիջյան կռիվների երկամյա արհավիրքների միջով, որոնց ընթացքում նա անփոփոխ հանդես էր եկել իբրև ազգերի միջև խաղաղության և համերաշխության հետևողական պաշտպան: «Հայավաթի երգի», մանավանդ Թումանյանի թարգմանած առաջին գլխի («Խաղաղության չիբուխը») մեջ այնքան ցայտուն արտահայտված խոհերը բոլոր մարդկանց ու ցեղերի փոխըմբռնման և համագործակցության մասին շատ հարազատ էին հայ բանաստեղծի սրտին:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Եթե հարցնեք` ո՞րտեղից են
Էս լեգենդներն ու զրույցներն
Անտառների անուշ բույրով,
Հովիտների շաղ ու մուժով,
Վիգվամների ոլոր ծուխով,
Մեծ գետերի սահանքներով,
Նրանց անվերջ որոտումով
Ու վայրենի արձագանքով,
Ինչպես ամպրոպ սարերի մեջ.
Ես ձեզ կասեմ, ձեզ կըպատմեմ։
