«Մշակի» № 3-ում պ. Գր. Չալխուշյանը մի հոդված է գրել հետևյալ վերնագրով՝ «ճեմարանի և թեմական դպրոցների այժմյան վիճակը արժանի է մեր ամենալուրջ ուշադրությանը»։ Եվ այս հոդվածը արժանի է մեր ամենալուրջ ուշադրությունը։
Պ. Չալխուշյանը այս նշանավոր հոդվածի մեջ գրում է թե «...ազգը իրավունք ունի սպասելու և պահանջելու, որ ճեմարանը և մեր հոգևոր դպրոցները ճեմարան և հոգևոր դպրոցներ մնան կամ... փակվեն»։ Ասում է՝ ով չի ցանկանում պատրաստվել հոգևորականի կոչման, նրան կարիք չկա մտնել ճեմարան, մտնել թեմ<ական> դպրոց։ Եթե ոչ, եթե ճեմարանը կամ թեմական դպրոցները գիմնազիաներ են համալսարան մտնելու, բժիշկ և փաստաբան մեզ տալու համար, ազգը կարիք չունի բնավ իր լուման տալու՝ պահպանելու համար հոգևոր դպրոցներ, ոչ մի առնչություն մեր հոգևոր դպրոցների հետ չունեցող։ Եվ իր հոդվածի վերջում հայտարարելով, որ մեր ազատամիտները չեն ընդունում կրոն, հավատ, եկեղեցի, անգամ ազգ... Այդ ազատամիտները, ասում է, ոչինչ չունին սպասելու մեր հոգևոր դպրոցներից, թող գնան իրանց դպրոցները իրանց ծրագիրներով բանան։
Անշուշտ մարդիկ կգտնվեն, որ չեն հավատալ, թե այսպիսի բան կա տպած հայերեն տառերով, այդպիսիները թող ձեռք բերեն «Մշակ» № 3, էջ 3 ու կարդան։
Ես չեմ իմանում ինչ է հասկանում ազատամիտ բառով պ. Չալխուշյանը, գուցե ազատական է հասկանում, որ դարձյալ զրպարտություն է, թե նրանք կրոն ու ազգ չեն ընդունում, բայց այսպես թե այնպես այս խոսքերն այսօր, տպված են ոչ թե 60-ական թվականների «Մեղուի» մեջ, այլ հռչակավոր ազատամիտ Գր. Արծրունու հիմնած թերթում։
Ընթերցել ամբողջությամբ →
