Մ. Յու. Լերմոնտովի նկատմամբ բուռն սերն ու հետաքըրքրությունը Թումանյանի մեջ ծագել են վաղ պատանեկան տարիներից և հարատևել են մինչև վերջ: 1890-ական թթ. հայ բանաստեղծը թարգմանել է Լերմոնտովի «Իղձ», «Ես չեմ ուզում մարդ իմանա...», «Հրեշտակ» բանաստեղծությունները, ավելի ուշ` Գյոթե-Լերմոնտովի «Լերանց շարքերը...»:
Թումանյանին հատկապես հարազատ էր Լերմոնտովի ստեղ-ծագործության կենտրոնական և բարձրագույն երևույթներից մեկը` «Մծիրի» պոեմը, իր ազատասիրական հզոր պաթոսով, կովկասյան բնության շքեղ պատկերներով:
«Մծիրիի» թարգմանությունը դարձավ Լերմոնտովի և ընդհանրապես դասական ռոմանտիկական պոեզիայի հետ Թումանյանի հոգեհարազատության ամենավառ արտահայտություններից մեկը: Թարգմանությունն սկսել է, հավանաբար, 1895 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Դսեղում և ավարտել է հաջորդ տարվա սկզբին:
Առաջին անգամ լույս է տեսել առանձին գրքով, 1896 թ.: Թարգմանության ինքնագիրը չի պահպանվել:
————————————————————————————————————————————————————————————————————
Սըրանից առաջ մի քանի տարի,
Այնտեղ, ուր Արագվ ու Կուր գետերի
Ջըրերն աղմուկով խառնըվում իրար,
Գըրկվում են երկու քույրերի նըման,
Կար մի մենաստան։ Կարող է այժմ էլ
Անցորդը սարի ուսերից տեսնել
Քանդված դռների կանգուն սյուները,
Վանքի կամարն ու աշտարակները։
