Իբրև թարգմանիչ և քննադատ Թումանյանը մեծ հետաքրքրություն է դրսևորել տարբեր ժողովուրդների էպիկական ստեղծագործության նկատմամբ: Այդ հետաքրքրության արդյունքը եղան ռուսական բանահյուսության ամենաինքնատիպ ժանրերից մեկի` բիլինաների թարգմանությունները:
Ռուս ժողովրդի շատ հարուստ բիլինային ստեղծագործությունից Թումանյանը թարգմանել և տպագրել է ընդամենը երկու նմուշ` «Մուրոմցի Իլիան կռվում է Վլադիմիր իշխանի հետ» (1908) և «Սվյատագորը» (1913)։
Բիլինային հերոսներից Թումանյանը հատկապես մեծ հետաքրքրություն է հանդես բերել դեպի Մուրոմցի Իլիան` գտնելով, որ այդ կերպարն «ինքը ռուս ժողովուրդն է», իսկ «Սվյատագորը» ներկայացնում է ռուս ժողովրդի առասպելական պատկերացումները, նախապատմական շրջանի հերոսներից մեկին։ Բիլինայի պատմա-առասպելական լայն բովանդակությունը և հողի ամենազոր ուժի գաղափարը, որը շատ համահնչուն էր Թումանյանի դեմոկրատական աշխարհայացքին, դրդեցին նրան թարգմանելու այս երկը:
Բիլինաների թարգմանությունը Թումանյանը կատարել է հետևյալ գրքից. Книга былин. Свод избранных образцов русской народной эпической поэзии. Составил В. П. Авенариус. Изд. 7-ое, М., 1907, M., 1907.: Վ. Ավենարիուսը ժողովածուում տվել է իր ընտրած բիլինաների համահավաք բնագիրը` տարբեր պատումներից ընտրելով առավել տպավորիչ դրվագներն ու տողերը, շարադրանքը ենթարկելով որոշակի գրական մշակման: Այդ հանգամանքն է դրդել Թումանյանին` իր թարգմանությունները կատարելու այդ աղբյուրից և ոչ թե ասացողների շուրթերից անմիջաբար գրի առնված պատումներից:
———————————————————————————————————————————————————
― Գընում է ծերուկն արձակ դաշտերով,
Գընում է ծերուկն երկար ժամանակ։
Մաշվել են հագի շորերը նախշուն,
Հատել է արդեն իր գանձը ոսկի,
Ու Իլիան ինքնին խոսում է էսպես.
― Եղել եմ հիմի ամբողջ Լիտվայում,
Եղել եմ հիմի ողջ օրդաներում,
Մենակ Կիևում չեմ եղել վաղուց։
Կիև գընամ մի, գընամ մի տեսնեմ
Ինչ է կատարվում էնտեղ ― Կիևում։
