Մի հարուստ մարդու կին հիվանդանում է։ Տեսնում է` մահը մոտենում է, կանչում է իր մինուճար աղջկանը, ասում է.
― Զավա՛կս, եղի՛ր լավն ու բարի, էն ժամանակ Աստված միշտ քեզ կլսի, ես էլ երկնքից մտիկ կանեմ քեզ ու անբաժան քեզ հետ կլինեմ։
Ասում է ու արևը ապրողներին բաշխում, մեռնում։ Աղջիկն ամեն օր գնում է մոր գերեզմանի վրա լաց լինում և մնում է միշտ լավն ու բարի։
Ձմեռը գալիս է, ձյունը սիպտակ սավանով ծածկում է մոր գերեզմանը, իսկ գարնան արևը շողալուն պես հերը ետնակին է ուզում, աղջկա համար խորթ մեր է բերում։
