«Շիլիոնի կալանավորի» թարգմանությունը կարևորագույն օղակն է այն բուռն հետաքրքրության, որ 90-ական թթ. հանդես է բերել Թումանյանը անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնի ստեղծագործության նկատմամբ: Թումանյանագիտության մեջ այդ երևույթը երբեմն նույնիսկ կոչվել է «բայրոնիզմի շրջան», որը, սակայն, չպետք է հասկանալ բացարձակ իմաստով: Թումանյանի ստեղծագործական զարգացումը այդ տարիներին թեև շատ կողմերով կապված էր դասական ռոմանտիզմի, բայց հիմնականում ընթանում էր ռեալիստական մեթոդի սկզբունքների տիրապետման ուղղությամբ:
Այնուամենայնիվ, Բայրոնի ստեղծագործությամբ հրապուրվելը շատ բան տվեց երիտասարդ Թումանյանին, մի որոշ շրջանում օգնեց նրան արտահայտելու իրականության նկատմամբ սուր քննադատական ոգին, անհատի և հասարակության ազատության նվիրական գաղափարները: «Շիլիոնի կալանավորն» այդ շրջանում մի շարք գծերով համընկնում էր հայ բանաստեղծի հասարակական և անձնական տրամադրություններին:
«Շիլիոնի կալանավորի» թարգմանության ժամանակը պետք է համարել 1893-1895 թթ.:Առաջին անգամ տպագրվել է 1896 թ. առանձին գրքույկով: Ինքնագիրը չի պահպանվել:
—————————————————————————————————————————————————————————————————————————————
Ո՜վ ազատություն, շունչ հավերժական,
Բանտերումն ես դու շըքեղ ճաճանչում,
Այնտե՜ղ, ուր սիրտը` քեզ բընակարան
Եվ քո սերըն է միայն ճանաչում:
Եվ երբ որդիքըդ զարկած շըղթայի,
Անլույս բանտերում նահատակվելով,
Փառավորում են երկիրն հայրենի,
Ծավալվում ես դու հողմի թևերով։
