Լինում է, չի լինում մի անտառում մի անտառապահ է լինում։ Էս անտառապահի կինը մի աղջիկ է բերում ու ինքն էլ մեռնում։ Խեղճ անտառապահը մնում է ցավի մեջ. էնտեղ օրը մինչև իրիկուն պետք է իր պաշտոնը կատարի, անտառը շրջի, պահի, պահպանի, էստեղ էլ տանը երեխեն է մնում մենակ, ոչ կերակրող կա, ոչ բարուրող։ Մի օր էլ գնում է անտառի խորքը, կանգնում է ու միտք անում. «Է՜հ,― ասում է,― մարդ մի անգամ մեռնի` պրծնի։ Մի արջ կամ մի գել դուրս գա ուտի, էս երեխի ցավիցն ազատվեմ, էլ ետ չգնամ ու տեսնեմ` ոնց է օրեցօր հալվում, հատնում, չոր չոփ դառնում»։
