Սերբական ազգային հերոսական էպոսի չորս երգերի թարգմանությունը Թումանյանը կատարել է 1915-1916 թթ.: Այդ թարգմանությունները կապված էին ժամանակի քաղաքական իրադրության հետ: Սերբիան, որի շուրջ ծագած քաղաքական կոնֆլիկտը սկիզբ դրեց առաջին համաշխարհային պատերազմին, իր ճակատագրով, պատմությամբ և մշակույթով այդ շրջանում համընդհանուր ուշադրություն գրավեց: Թումանյանն իր թարգմանություններով պատասխանում էր այդ պահանջմունքին: 1915 թ. սկզբին տպագրվեց նրա առաջին թարգմանությունը սերբական վիպերգից («Թե ինչ ուղարկեց թուրքի սուլթանը Մոսկովի ցարի ընծաների փոխարեն»), իսկ 1916 թ. ամռանը` ևս երկուսը («Մարկոն ռամազանին գինի է խմում», «Մարկոն վերացնում է պսակի հարկը»): Չորրորդ թարգմանությունը («Մարկոն վար է անում») տպագրվել է հետմահու:
Սերբական վիպերգերի թարգմանությունը պայմանավորված էր նաև նրանց պատմական բովանդակությամբ, որը հիմնականում կապ-ված է թուրքական բռնապետության դեմ հարավային սլավոնների մղած դարավոր պայքարի հետ: Թումանյանի թարգմանած բոլոր չորս հատվածներն էլ այդ պայքարի գեղարվեստական արտացոլումն են, իսկ հայ բանաստեղծն իրավացիորեն շատ ընդհանրություններ էր տեսնում Սերբիայի և Հայաստանի ճակատագրի միջև: Սերբական էպոսի գլխավոր հերոս Մարկոյի մասին Թումանյանը գրել է, որ նա «հանդիսանում է սերբ ժողովրդի ազգային նվիրական զգացմունքների ու առաքինությունների մարմնացումը, նրանց Սասունցի Դավիթը»:
Թումանյանն իր այս թարգմանությունները կատարել է ռուսերենից: Կրկնակի թարգմանությունն, իհարկե, լրացուցիչ մեծ դժվարություններ է հարուցում: Ինչպես ցույց է տալիս քննությունը, Թումանյանը հաջողությամբ հաղթահարել է այդ դժվարությունները` հայ ընթերցողին հանձնելով սերբական էպոսի ազգային ոգին և գունավորումը հարազատորեն արտա-հայտող թարգմանություններ:
————————————————————————————————————————————————————————————————————
Քաղաքից քաղաք, աշխարհքից աշխարհք
Թուղթ անցավ եկավ Մոսկովու երկրեն,
Եկավ ու եկավ, հասավ Ըստամբոլ։
Ու դըրին թուղթը ոսկի կառեթում
Ու բերին իրեն` թուրքի սուլթանին,
Ու թըղթի հետ էլ սուլթանի համար
Շատ թանկ ընծաներ արքային վայել։
