Սովորել է Գայանյան օրիորդաց դպրոցում: 1920-ին Արփիկն ընդունվել է Թիֆլիսի Պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական գիտությունների բաժին: Մոսկվայում աշխատող եղբոր` Արեգի օժանդակությամբ նույնպես տեղափոխվել է Մոսկվա և աշխատանքի անցել Նախարարների խորհրդում գործող գրադարանի հայ գրականության բաժնում` որպես գրադարանավարուհի և գլխավոր խմբագիր, ապա ղեկավարել է Լենինի անվան հանրային գրադարանի հայ գրականության բաժինը:
1942 թ. Մոսկվայի մոտ սպանվել է Արփիկի լրագրող ամուսինը` Գրիգոր Կուլօղյանը, ում հետ ընտանիք էր կազմել 1941-ին:
1963-ին տեղափոխվել է Երևան: Տասնյակ տարիների գրադարանագիտական փորձը Արփենիկ Թումանյանին օգտակար եղավ հայրական թանգարանում, ուր նա մեծագույն խնամքով մշակեց Թումանյանի վիթխարի (շուրջ ութ հազար հատորից բաղկացած) գրադարանը՝ ստեղծելով նրա մանրամասն քարտարանը: Անձնական մասնակցություն է ունեցել բանաստեղծի երկերի ռուսերեն թարգմանությունների և հրատարակության գործին, կատարել է տողացի թարգմանություններ, մասնակցել է «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» գրքի նյութերի հավաքմանը: