Գրողի աշխատասենյակը լի է արվեստի գործերով և գրապահարաններով: Այս սենյակը բացահայտորեն կրում է Հովհ. Թումանյանի գեղագիտության կնիքը: Գրքեր, հարազատների լուսանկարներ, արձանիկներ, կտավներ, գեղեցիկ գրապիտույքներ… (Թումանյանը հնավաճառների և կոմիսիոն խանութների մշտական այցելուն և գնորդն էր): Տանը եղած ժամանակ օրվա մեծ մասը անցկացրել է այս սենյակում՝ ընդունելով հյուրերին «զրույցի սեղանի» շուրջ:
Կենտրոնում կանաչ մահուդով երեսպատված գրասեղանն է, որի վրա իրերը դասավորված են ճիշտ այնպես, ինչպես թողել է բանաստեղծը վերջին անգամ՝ Մոսկվա բուժման նպատակով մեկնելիս: Իսկ անկյուններից մեկում գեղեցիկ, ճոխ գրապահարանն է՝ Արևելիքի պատմությանը վերաբերող գրքերի համար: Թումանյանն այն կոչել է «Մուրոմեց», քանի որ գնել է «Իլյա Մուրոմեց»-ի թարգմանության համար ստացած հոնորարով:
Կյանքի վերջին շրջանում, առողջության վատթարացման ժամանակ նա արդեն հազվադեպ էր նստում ճոճաթոռի մեջ` գրասեղանի առջև, ավելի շատ պառկում էր պատի տակ դրված թախտին, թղթի փոքրիկ կտորների վրա գրի էր առնում իր հզոր քառյակները և դնում հատուկ քառյակների համար նախատեսված տուփի մեջ: Դա այն շրջանն էր, երբ Թումանյանը ոչ միայն գրականության, այլև կահավորանքի մեջ նախընտրում էր արևելյանը:
«Չծխել և գիրք չխնդրել»,- այս գրությունն է փակցված աշխատասենյակի պատին: Աշխատասենյակում է փակցված նաև 1918թ. Վանում զոհված որդու` Արտավազդի մեծադիր նկարը: Արտավազդի մահը Թումանյանի անձնական մեծագույն ողբերգությունն էր, որից նա այդպես էլ ուշքի չեկավ:
Այս աշխատասենյակում են ծնվել շատ գլուխգործոց ստեղծագործություններ: