Բանտում գտնվելը չի կոտրում Թումանյանի կամքը: Սեփական անմեղության գիտակցումը օգնում էր բանաստեղծին պահպանել հանգստություն և արժանապատվությամբ դիմակայել փորձություններին: Չկորցնելով ոգու արիությունը՝ Թումանյանը շարունակում է ստեղծագործել:
Անազատության մեջ լրանում է գրողի ծննդյան 40-ամյակը, որը նշանավորվում է «Վայրէջք» բանաստեղծությամբ: Հատկանշական է, որ դրան ի պատասխան ավագ որդին՝ Մուշեղը, որը նույնպես բանտում էր, գրում է «Վերելք» ստեղծագործությունը: Այդ օրերին համահունչ՝ ծնվում է նաև գրողի նշանավոր «Մի կաթիլ մեղրը»: Բանտում եղած ժամանակ Թումանյանը կատարել է նաև թարգմանություններ (Պուշկինի «Ձմեռվա իրիկունը», Կորսակի «Ամբողջ գիշերը խոսեց…» և մի շարք այլ երկեր):
Մոտ վեց ամսվա բանտարկությունից հետո Հովհ. Թումանյանը երաշխավորությամբ ազատվում է և շուտով ստանձնում «Հորիզոն» օրաթերթի խմբագրական աշխատանքը: Այդ շրջանում, շնորհիվ Թումանյանի, հայ հրապարակախոսական և լրագրողական միտքը առանձնանում է փայլուն էջերով: Մեկը մյուսի ետևից լույս են տեսնում մեծ կարևորություն ունեցող հոդվածներ, որոնք արծարծում էին ամենատարբեր ու հրատապ թեմաներ՝ («Ոչ գրական ոչնչությունները քննադատ», «Դառնացած ժողովուրդը», «Քաղաքականությունը և մենք», «Ձևն ու ոգին», «Հայ ուսուցչի ռոճիկը», «Հայերեն չգիտեն» և այլն):
1911թ. ընթացքում արդեն լուրեր էին տարածվել, որ տարեվերջին պետք է լսվեր «Դաշնակցության գործը» Սանկտ-Պետերբուգում։ Նոյեմբերին Թումանյանը կրկին ձերբակալվում է և գնացքով տեղափոխվում Ռուսաստան։ Առաջին նամակը, ուղարկված Պետերբուրգի նախնական կալանատնից, դեկտեմբերի 20-ին է: Դստերը՝ Նվարդին ուղղված նամակում գրում է. «…Ես առողջ եմ: Իմ բանտախուցը մաքուր փոքր սենյակ է՝ ամեն հարմարություններով… աշխատեք լավ ապրել այս երկու ամիսը, մինչև գործը վերջանա։ Եվ իհարկե, լավ կվերջանա: Ճշմարտությունը երբեք չի կորչի»: Հավատում էր, որ կապացուցվի իր անմեղությունը, և խաղաղ ու անվրդով հոգով էր անցկացնում բանտային օրերը. կարդում էր գեղարվեստական գրականություն, իր «գործն» էր ուսումնասիրում: Այդ շրջանում տողացի թարգմանել է անգլիացի բանաստեղծ Թոմաս Մուրի «Սանկտ Պետերբուգի զանգերը» բանաստեղծությունը:
«Դաշնակցության գործի» դատավարությունը սկսվում է 1912 թ. հունվարին և ավարտվում մարտին: Դատական նիստերին մշտապես ներկա են եղել գրողի որդին՝ Մուշեղը, որն այդ ժամանակ ուսանում էր Պետերբուրգի համալսարանում և Աշխեն դուստրը ամուսնու՝ իրավաբան Գ. Խատիսյանի հետ: Դատապաշտպաններին հաջողվում է հերքել մեղադրանքը, ապացուցել գրողի անմեղությունը, և նա անպարտ է ճանաչվում: Թումանյանի տպավորությամբ՝ «Պրոկուրորը (Վ. Սերգեև) մի սքանչելի մարդ էր և չէր իմանում ինչ անի – այնքան էր հուզված՝ նկատելով իմ արածն ու իմ դրությունը, այն անիրավությունը, որ պատահել է ինձ հետ»: Գրողի պատվին ճոխ ճաշկերույթ է տրվում Պետերբուրգի նշանավոր «Դոնոն» ռեստորանում, որին մասնակցում են հայ և ռուս հայտնի մտավորականներ, հասարակական գործիչներ: Այնուհետև որոշ ժամանակ Պետերբուրգում մնալուց հետո Թումանյանը մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպումներ է ունենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկում են առաջիկա երկու նշանավոր հոբելյանների՝ հայ գրերի գյուտի 1500 և տպագրության 400-ամյակները, հավուր պատշաճի, նշելու խնդիրները: Որոշ ժամանակ անց վերադառնում է Թիֆլիս։
1912 թ. օգոստոսի 4-ը նշանավորվում է հայկական առաջին ազգային օպերայի՝ «Անուշ»-ի առաջնախաղով Ալեքսանդրապոլ քաղաքում: Մինչ այդ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը արդեն հրավեր էր ուղարկել Թումանյանին: Վերջինիս չի հաջողվել ներկա գտնվել ներկայացմանը, սակայն ուղարկել է շնորհավորական ուղերձ. «…Ցանկանում եմ հաջողությամբ պսակվեն պ. Արմենակի ու բոլոր մասնակիցների սերն ու ջանքերը: Սրտագին բարևներ ինձանից Անուշին, Սարոյին, Մոսնին, մեր սարերի փերիներին ու բոլոր մասնակիցներին. իմ սերն ու հարգանքները ամենքին…»:
1912 թ. հոկտեմբերին, երբ սկսվում է բալկանյան ազգային ազատագրական պատերազմը Թուրքիայի դեմ (մասնակցում էին Հունաստանը, Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան), Կովկասում պայքարի նոր ալիք է բարձրանում երիտթուրքերի՝ հայերի նկատմամբ սանձազերծած վայրագությունների դեմ, հույսեր ներշնչելով հայ ժողովրդին հատկապես մտավորականությանը: Նույն թվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թիֆլիսում տեղի է ունենում երկու համագումար-խորհրդակցություն: Դրանց նպատակն էր՝ օգտվել բալկանյան պատերազմի հետևանքով ստեղծված բարենպաստ իրադրությունից և հասնել Հայկական հարցը միջազգային ասպարեզում ներկայացնելուն:
Ի պաշտպանություն արևմտահայությանը՝ հոկտեմբերի 30-ին ստեղծվում է Թիֆլիսի ազգային կենտրոնական բյուրոն (Ազգային բյուրո), որի կազմում էին Թումանյանը, Ալ. Խատիսյանը, Ն. Առաքելյանը, Ալ. Քալանթարը և ուրիշներ: Գրեթե միաժամանակ ստեղծվում է նաև Հայ գրողների Կովկասյան ընկերությունը՝ վարչության նախագահ ընտրելով Թումանյանին: Փաստորեն, միաժամանակ նա ստանձնում է երկու կարևոր ազգային գործ. մեկը՝ իր ժողովրդի ճակատագիրը, մյուսը՝ հայ մշակույթի փրկությունը: Բանաստեղծը երկուսին էլ նվիրվում է ամբողջովին և ինքնամոռաց:
Ազգային բյուրոն ընդունում է բանաձև, որը Գևորգ V կաթողիկոսի միջոցով պետք է ներկայացվեր Ռուսաց Նիկոլայ կայսրին: Բյուրոյի այս շրջանի գործունեությունը ձախողվում է, որովհետև մեծ մասամբ չէր համընկնում Ռուսաստանի վարած քաղաքականության հետ:
1912-13 թթ. գրողը շարունակում է ստեղծագործել. գրում է «Աղավնու վանքը» բալլադը, «Սայաթ-Նովեն՝ Դավիթ եպիսկոպոս» ուսումնասիրությունը:
Առաջին անգամ առանձին հրատարակությամբ լույս է տեսնում «Քաջ Նազարը» հեքիաթը, «Հասկեր» ամսագրում տպագրվում է «Գեղեցկուհի Վասիլիսան» թարգմանական հեքիաթը:
