Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպվել է 1858 թ. «Բազմավեպում», ապա` Մ. Մինասարյանի «Քնար հայկականում»:
Ժողովրդական երգի 7 քառատողերից Թումանյանն ընտրել է երկուսը (1-ինը և 4-րդը), վերամշակել, ավելացրել ևս մի քառատող` «Երգ արագլի» վերնագիրը դարձնելով «Արագիլ»:
(ժողովրդական)
Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սըրտերը ուրախ արիր։
Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։
Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։
1907 թ.
