Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Ա. Ինճիկյանը նշում է՝ «Օդն են ցընդել երազները մշուշոտ» սևագիր անավարտ բանաստեղծությունը Թումանյանի վերջին տարիների քնարական ներշնչումներից է, ուր արտահայտություն են գտել բանաստեղծի դառնաթախիծ խոհերը հայ ժողովրդի գլխին պայթած աղետաբեր փոթորիկների շուրջ` Սովետական կարգերի հաստատման նախօրյակին»:
Ավելին