Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականության և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ: Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական- քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը: Նրա ստեղծագործություններն ունեն ոչ միայն համազգային, այլև համամարդկային բովանդակություն, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներ: Թումանյանի թողած գրական ժառանգությունը դարձավ իր հայրենիքի անցյալի ու ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը: Գրականագիտական միտքը, սկսած գրողի կենդանության շրջանից, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել և վերլուծել Թումանյանի ստեղծագործությունները տարբեր դիտանկյուններից: Ուսումնասիրության այդ հարուստ շտեմարանը մինչ օրս էլ մնում է դեռ չնվաճված:
Բանաստեղծի դուստր Ն. Թումանյանը հիշողությամբ մեջ է բերում հոր խոսքերն այս բանաստեղծության մասին. «Հիշում եմ «Է՜յ աստղերը» գրելու օրը: Դսեղ էի, Ձաղի ձորն էի գնացել որսի: Կալի ժամանակն էր. ձորից դուրս եկա մեր կալը, կալի մոտ էլ դագան էր. աստղալի գիշեր էր, պառկեցի դագից հեռու, կալի մոտ ու էստեղ էր, որ գրել եմ «Է՜յ աստղերը...»:
Ավելին